Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ չի լինի: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագրին, Մինասյանն ասել է, թե Հայաստանը դեռևս հաղթահարել է մեկ փուլ, սակայն ևս երկուսն ունի հաղթահարելու. ԵՏՄ անդամ երկրների, ինչպես նաև ՀՀ խորհրդարանների և ապա՝ նույն այդ երկրների նախագահների կողմից վավերացում: Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՏՄ պայմանագրին Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի ընդդիմանալուն, պատգամավորն ասել է, թե հարցը կարևորվեց այն տեսանկյունից, որ Նազարբաևի տրամադրվածությունը «ամփոփիչ արձանագրություններում որևէ ձևակերպում չէր ունենում»: Գագիկ Մինասյանը նշել է, որ տեղյակ չէ, թե ինչ փոխզիջումների արդյունքում է հնարավոր եղել ստանալ Նազարբաևի համաձայնությունը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցմանը:
Ինչ վերաբերում է Հայաստան-Վրաստան հետագա հարաբերություներին, ՀՀԿ պատգամավորի կարծիքով՝ երկու երկրների շահերից է բխում տարածաշրջանի քրիստոնյա ժողովուրդների լավ հարաբերությունները միմյանց հետ: «Կարևոր է, որ տարածաշրջանում երկու քրիստոնյա ժողովուրդները միմյանց համար խնդիրներ չստեղծեն»,-ասել է Մինասյանը՝ հավելելով, թե վրաց որոշ պաշտոնյաների հանդիպումներից տպավորություն ունի, որ «հավելյալ խնդիրներ չեն լինի»: